Լրահոս

08.04.2012 00:06


Այսօր Քրիստոսի հարության տոնն է

Այսօր Քրիստոսի հարության տոնն է

Այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր մեծագույն տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարությունը։ Այն կոչվում է նաև Զատիկ, այսինքն՝ զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Զատկական տոնակատարությունները սկսվել են արդեն նախընթաց երեկոյան՝ եկեղեցիներում մատուցված Ճրագալույցի պատարագից հետո։

Առավոտյան եկեղեցիներում կկատարվի ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա կմատուցվի Ս. Պատարագ: Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով, որին ի պատասխան՝ հնչում է՝ «Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: 

Զատկական սեղանին, ավանդույթի համաձայն, պետք է լինի ներկած ձու, ձուկ, տապակած կանաչի ու չամիչով փլավ։ Չամիչներն ասոցիացվում են աշխարհում սփռված հավատացյալների հետ, ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը:

Ապրիլի 9-ը հանգուցյալների հիշատակության օրն է՝ Մեռելոցը:  Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը